Այսօր Հայաստանի քաղաքաշինության նախարարը հերթական անգամ հանդիպել է Երեւանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը եւ Դվին» հյուրանոցի հարեւանությամբ կոնդեցիների շենքի շինարարությունն իրականացնող «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում կոնդեցիներին ներկայացվել է այս փուլում իրականացվելիք քայլերի ժամանակացույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 1-ից սկսել բնակիչների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:

Իրականացվող քայլերի վերաբերյալ բնակիչների լիարժեք իրազեկվածությունն ապահովելու համար քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջարկել է նման մի քննարկում էլ ունենալ հուլիսի վերջին՝ հանձնարարելով քաղշիննախարարության պատասխանատուներին՝ հետեւել կոնդեցիների բնակապահովման ծրագրի գործընթացին:

Հիշեցնենք` Կոնդի հարյուրից ավելի բնակիչների տները թաղամասի վերակառուցման համատեքստում 2007 թվականին ճանաչվել էր պետական գերակա շահ, տարածքը վաճառվել էր, սակայն նրանց բնակարանային հարցը չէր լուծվել: Եվ միայն 2014 թվականին ՀՀ նախագահի՝ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմները: ՀՀ վարչապետի մոտ կայացած բազմաթիվ քննարկումների եւ կոնդեցիների հետ՝ նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ կիսակառույցի շինարարությունն իրականացվելու է՝ «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ֆինանսավորմամբ: Մարտ ամսին սկսված շենքի շինարարությունն արդեն բավական առաջ է գնացել: Գործընթացը համակարգում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: