Հունաստանի էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը կառավարությանն է ներկայացրել «Թուրքական հոսք»-ի հունական հատվածի շինարարության՝ 2 մլրդ եվրո արժողությամբ նախագիծը: Այս մասին գրում է The Financial Times-ը:

Մինչ այդ, Եվրամիությունում անհանգստացած են, որ Ռուսաստանը կարող է օգտվել հունական ճգնաժամից՝ սեփական օգուտը ստանալու նպատակով: Իսկ նախարար Պանայոտիս Լաֆազանիսը, ըստ Gazeta-ի, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գործարքը երկրի «բազմակողմ» արտաքին քաղաքականության կարեւոր որոշում է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս նախագիծը Հունաստանում առնվազն 20 հազար նոր աշխատատեղ կստեղծի: «Հույն ժողովրդին դա միայն օգուտ կբերի»,- ասել է Լաֆազանիսը:

Այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կարող է վճարել Հունաստանում «Թուրքական հոսք»-ի շինարարության համար: «Գազպրոմ»-ն Աթենքին երաշխավորել էր, որ «Թուրքական հոսք»-ի կառուցումից հետո հունական հատվածով տարեկան 47 մլրդ խորանարդ մետր գազ կանցնի: