«Թեեւ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին մենք կանխատեսում էինք, որ 2009 թվականից Հայաստանին սպասվում է տնտեսության մեծ անկում, սակայն նույն դեկտեմբեր ամսին կառավարությունն ու ԱԺ-ն բյուջե ընդունեցին, որտեղ նախատեսվում է տնտեսության 9 տոկոսանոց աճ»,- այսօր նման տեսակետով հանդես եկավ ԿԲ նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչիչ Բագրատ Ասատրյանը. հավելելով, որ 2009-ի առաջին կիսամյակը ցույց տվեց, որ իր գնահատականներն իրողություն դարձան:
Նա լրագրողներին ներկայացրեց իր վերլուծությունների արդյունքներն ու առաջիկա 2 տարվա համար արված իր կանխատեսումները: Ըստ այդմ, տնտեսության անկումը հաջորդ տարիներին շարունակվելու է, իհարկե, անհամեմատ ավելի փոքր տեմպերով: «Նախ տարվա վերջում տնտեսության անկումն ավելի ցածր է լինելու, քան կիսամյակի արդյունքներով գրանցված 16,3 տոկոսանոց անկումը եւ լինելու է 12-13 տոկոսի միջակայքում: Սա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա 4-րդ եռամսյակը տնտեսության համար շատ վատն է եղել: 2008-ի վերջին եռամսյակում գրանցվել է 20 տոկոսի անկում, իսկ դա նշանակում է, որ եթե այս տարի անկումը կազմի անգամ 18 տոկոս, կստացվի, որ 2 տոկոսի աճ ենք ունենալու, բայց դա աճ չի, այլ վատի եւ դրանից մի քիչ ավելի վատի տարբերությունն է»,- ասաց Բ. Ասատրյանը:
Ինչ վերաբերում է 2010 թվականին, ապա ըստ ԿԲ նախկին նախագահի կանխատեսումների, եկող տարի տնտեսական անկում գրանցվի 1-1,5 տոկոսի սահմաններում: «Ընդ որում դա հիմնականում պայմանավորված է լինելու առեւտրի եւ սպասարկումներ ոլորտում բնականաբար սպասվող անկմամբ: Շինարարության ոլորտում այս տարվա ծավալուն անկման համեմատ, չնչին աճ եմ նախատեսում: Սա պայմանավորված է լինելու կառավարության խոշորածավալ ներդրումներով»,-ընդգծեց նա ու հավելեց. «Ես ցանկացել եմ լավ տեսնել մեր տնտեսությունը: Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, թեկուզ փոքր, բայց աճ եմ նախատեսում»:
Ընդ որում, ըստ Բ. Ասատրյանի, սա օպտիմիստական գնահատական է: «2010 թվականին 1,5 տոկսանոց անկումը հնարավոր կլինի այն պարագայում, եթե 2009 թվականին ամերիկյան, ռուսական եւ եվրոպական տնտեսությունները դրական կոր ցույց տան»,- նշեց նա ու հավելեց. «Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ տնտեսությունն ուղղակի կախված է ՌԴ տնտեսության մեջ առկա միտումներից: Այսինքն եթե ՌԴ տնտեսությունում 2010 թվականին դրական միտումներ նշմարվեն եւ տնտեսական աճը կազմի առնվազն 3 տոկոս, միայն այս պարագայում մենք կարող ենք սպասել, որ Հայաստանում տնտեսական աճ կգրանցվի 2011 թվականին»:




























