Այս տարվա ամառային զորակոչի ընթացքում միայն 4 զորակոչիկ չի ուղարկվել ծառայության` լրացուցիչ բուժզննում անցնելու նպատակով: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողներին ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, որն այցելել էր Հանրապետական կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու ամառային զորակոչի գործընթացին և զորակոչի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:

Մովսես Հակոբյանը հերքեց տեղեկությունները, թե հաճախ բանակ են զորակոչվում առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներ:

«Մենք բուժզննումն իրականացնում ենք սկսած 14 տարեկանից: Զորակոչի նախաշեմին նույնպես երիտասարդները բուժզննում են անցնում եւ պարզվում է` պիտանի են ծառայության, թե ոչ, կարող են ծառայել առաջին գծում, թե սահմանափակումներ կան: Օրինակ, այս 11 օրերի ընթացքում 4 զորակոչիկ հենց հավաքակայանից ուղարկվել է տուն` լրացուցիչ հետազոտություն անցնելու համար»,- ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը:

Նա շրջեց հավաքակայանով, զրուցեց զորակոչիկների հետ:

Նշենք, որ ամառային զորակոչն ավարտվելու է հուլիսի 30-ին: