Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել ազգայնամոլական «Իդեալիստական օջախներ»-ի Կարսի կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի դեմ, ով ուղղակի թիրախ է դարձրել հայերին` ասելով. «Հիմա Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գա՞նք»:

Թուրքական GazeteKars կայքի փոխանցմամբ` HDP-ի կողմից պատգամավոր ընտրված Գարո Փայլանը Կարսում աշխատող 10 փաստաբանների միջոցով Կարսի հանրապետական դատախազությունում  հայց է ներկայացրել «Իդեալիստական օջախներ»-ի Կարսի կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի դեմ:

Գարո Փայլանի հայցը դատախազություն ներկայացրած փաստաբաններից Քահրաման Օզչաղընը հայտարարել է, որ իրենք Թոլգա Ադըգյուզելի նկատմամբ հայց են ներկայացրել` պահանջելով նրան դատապարտել «Ժողովրդի նկատմամբ թշնամանք ու ատելություն սերմանելու, նվաստացնելու» մեղադրանքներով:

Նշենք, որ Հայոց նախկին մայրաքաղաք Անիում հայ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգից հետո ազգայնամոլ Թոլգա Ադըգյուզելը սպառնացել էր հայերին` ասելով հետեւյալը.  «Հիմա Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գա՞նք»: