ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում ասվում է.

«Սրտանց ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին: Արդեն տասներկուերորդ անգամ Երեւանում կազմակերպվող փառատոնը նախաձեռնողների եւ իրականացնողների ձեռքբերումն է եւ բոլոր երեւանցիների կողմից սպասված մեծ տոն:

Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը: Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգեւում:

Կարեւոր է նաեւ այն, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին:

Երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, որոնք, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու եւ նկարահանելու: Փառատոնը, անկասկած, մեծապես հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:

Հարգելի՛ բարեկամներ,

Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային տասներկուերորդ կինոփառատոնը: Վստահ եմ, որ այն լինելու է կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը նոր կամուրջներ է կապելու տարբեր մշակույթների միջեւ, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը:
«Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին մաղթում եմ ապագայում եւս նույն եռանդով իրենց ազնիվ գործը շարունակելու ուժ եւ կորով»: