Նոր սահմանադրությամբ ոչ պատերազմական եւ ոչ ռազմական իրավիճակներում գերագույն գլխավոր հրամանատար չի լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: «Եթե ապրում ենք այս ժամանակներում՝ ոչ պատերազմական, ոչ ռազմական, ուրեմն՝ նման սուբյեկտի կարիքը պետք է որ չունենանք: Եթե, Աստված մի արասցե, կլինի պատերազմական վիճակ, ռազմական դրություն, այն ժամանակ կառավարությունը այդ կարգավիճակը կշնորհի վարչապետին, որը եւ կնշանակի իսկական պրոֆեսիոնալ զինվորականի՝ ռազմական գործողությունները ղեկավարելու»,-ասաց հանձնաժողովի անդամը:

Հարցին, թե կարծիք կա, որ  սահմանադրության փոփոխությամբ լուծվում է կոնկրետ գործող նախագահի իշխանությունը պահպանելու հարցը, Գագիկ Ղազինյանն այսպես պատասխանեց. «Բազմիցս ասել ենք, որ իշխանությանը տիրող քաղաքական ուժին պետք չէ շատ մեծ ուժերի լարում, որպեսզի ցանկացած կառավարման պայմաններում փորձի փոխանցել իշխանությունը, այդ նպատակով փոփոխություններ նախաձեռնելու կարծիքը հիմնազուրկ է, այս վիճակով էլ հնարավոր է նույն քաղաքական ուժը երկարացնի իշխանությունը: Սահմանադրական բարեփոխումները ավելի գլոբալ նպատակ են հետապնդում»: