Երեւանի Տերյան փողոցում՝ «Աֆրիկյանների շենքի» նախկին տարածքում, արդեն սկսվել են շինարարական աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Աֆրիկյանների ժառանգները:
Նրանց փոխանցմամբ՝ աշխատանքները սկսվել են մոտ մեկ ամիս:
«Ինչ վերաբերվում է «Հին Երեւան» նախագծին, ապա այնտեղ դեռ ոչ մի շինարարություն չի սկսվել: Աֆրիկյանների շենքի ապամոնտաժված քարերը դեռ նույն վայրում են, անմխիթար վիճակում»,- ասաց ժառանգները:
Հիշեցնենք, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է՝ որպես բազմաբնակարան շենք, 2014թ.-ի ամռանը քանդվել եւ տեղափոխվել է այլ վայր: Մի քանի ամիս քաղաքացիական ակտիվիստներն ու Աֆրիկյանների ժառանգները պայքարում էին շենքի ապամոնտաժման դեմ, սակայն այն այնուամենայնիվ ապամոնտաժվեց:
Նշենք, որ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որ այն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ տեղափոխվել այլ վայր, սակայն մասնագետները չեն հավատում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի:




























