«Հայաստանի Էլցանցերը» պետք է Սեւան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ից էլեկտրաէներգիա գնելու պարտքը վճարի մինչեւ 2015 թվականի սեպտեմբերի վերջը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց կասկադ ՀԷԿ-ը կառավարող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, այդ մասին համաձայնագիրը կնքվել է «Էլցանցեր»-ի ղեկավարության հետ եւ համաձայնեցվել մայր ձեռնարկությունների՝ ռուսական «Ինտեր ՌԱՕ» եւ «ՌուսՀիդրո» ընկերությունների հետ:
Ներկայում կասկադ ՀԷԿ-ին «Էլցանցեր»-ի ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 550 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 1.5 մլն դոլար - խմբ.):
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ բողոքներին, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը՝ այն հասցնելով 48.78 դրամի:


























