«Հայաստանի էլցանցեր»-ում աուդիտը չպետք է պոպուլիզմի վերածվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց կասկադ ՀԷԿ-ը կառավարող «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Հարցին, արդյո՞ք պետք է աուդիտ անցկացնել միայն ՀԷՑ-ում, թե՞ նաեւ գեներացնող ընկերություններում, Գրիգորյանը պատասխանեց, որ նախ հարկավոր է հասկանալ, թե ով է պահանջներ առաջադրում. հասարակությունը, թե՞ իրենց տնտեսագետ համարող մի քանի անձիք:
«Մենք չենք խուսափում թափանցիկությունից: Ամեն տարի մրցույթով հեղինակավոր միջազգային աուդիտորական կազմակերպություն ենք ընտրում: Այնպես որ՝ եթե որոշեն մեզ ստուգել՝ խնդրեմ: Գլխավորն այն է, որ չկարեւորվի դիվիդենտներ հավաքելու ցանկություն ունեցող մի քանի մարդկանց կարծիքը»,- հայտարարեց Գրիգորյանը:
Հարցին, արդյո՞ք առաջարկի դեպքում «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն կհամաձայնի մասնակցել ՀԷՑ-ում անցկացվող աուդիտին, Գրիգորյանը պատասխանեց, որ ընկերությունը բավականաչափ լավ մասնագետներ ունի, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են մասնագետներ առաջարկել նաեւ ռուսական «ՌուսՀիդրո» կոնցեռնից:
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ բողոքներին, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը՝ այն հասցնելով 48.78 դրամի:
Հունիսի 27-ին՝ ցույցերի 6-րդ օրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պետական պաշտոնյաների հետ: Նա հայտարարեց, որ մինչեւ սակագնի բարձրացման հիմնավորման շուրջ միջազգային աուդիտի եզրակացությունը Կառավարությունն իր վրա կվերցնի հոսանքի գնի՝ 6.93 դրամի բեռը:
Եթե աուդիտի արդյունքում հայտն արդարացված ճանաչվի, սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով: Հակառակ դեպքում, պետությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի ՀԷՑ-ը փոխհատուցի գերավճարը, եւ պատասխանատվության կենթարկի հոսանքի գնի թանկացման համար պատասխանատու պաշտոնատար անձանց:


























