Աշխարհահռչակ օպերային աստղ Աննա Նետրեբկոն առաջին անգամ ելույթ կունենա արաբական աշխարհում: Նա կմասնակցի հուլիսի 27-ից սեպտեմբերի 5-ը Լիբանանի Բայտ-էդ-Դին պալատում անցկացվող արվեստների ամենամյա փառատոնին: Ըստ «Ahram Online»-ի, այս տարի փառատոնը նշում է հիմնադրման 30-ամյակը: Ելույթ կունենան նաեւ հայտնի տենոր Խուան Դիեգո Ֆլորեսը, լիբանանցի կոմպոզիտոր, երգիչ եւ երգերի հեղինակ Մարսել Խալիֆը, երգիչներ Քադիմ ալ-Սահիրն ու Ռեհամ Աբդելհաքիմը:

Օգոստոսի 8-ին կհնչեն հայտնի դասական ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի կամերային ազգային երգչախմբի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սոպրանո Աննա Նետրեբկոն ելույթ կունենա օգոստոսի 27-ին: Փառատոնի ընթացքում հանդես կգան նաեւ հայտնի այլ երաժիշտներ, մասնավորապես, Ռեբեկկա Ֆերգյուսոնը, ով կկատարի լեգենդար ջազ-երգչուհի Բիլլի Հոլիդեյի հիթերը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայից ռոք-կատարող Դեւիդ Գրեյը:

Բայթ-էդ-Դինում անցկացվող արվեստների փառատոնը հիմնվել է 1985 թվականին՝ դառնալով Մերձավոր Արեւելքի ամենից հայտնի մշակութային իրադարձություններից մեկը: