ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերը շարունակում են ուսումնասիրությունները հանրապետության ԱԳԼՃԿ-ներում: Դրանց արդյունքում հունիս եւ հուլիս ամիսներին Երեւան քաղաքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 173 ԱԳԼՃԿ-ների համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 158-ն արդեն իսկ ենթարկվել են վարչական տուգանքի՝ 25-150 հազար դրամի չափով (ընդամենը՝ 10 385 000 դրամ):

Չորս ԱԳԼՃԿ-ների նկատմամբ, հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար, կայացվել են որոշումներ՝ դրանց հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:

Առավել տարածված հակահրդեհային թերությունները հետեւյալն են՝

- ԱԳԼՃԿ-ի արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված չէ հակահրդեհային ջրավազան կամ հրշեջ հիդրանտ.

- պահպանված չեն ինչպես ԱԳԼՃԿ-ի եւ գազալցակայանին չպատկանող շենքերի ու շինությունների, այնպես էլ` ԱԳԼՃԿ-ի տարածքում իրեն պատկանող շենքերի, շինությունների եւ սարքավորումների միջեւ նորմերով պահանջվող հակահրդեհային միջտարածությունները.

- ԱԳԼՃԿ-ներն ապահովված չեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներով, մասնավորապես՝ կրակմարիչներով.

- էլեկտրասարքավորումները շահագործվում են հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով.

- ԱԳԼՃԿ-ի տարածքի տեսանելի վայրերում փակցված չեն ծխելու եւ բաց կրակի օգտագործումն արգելող ցուցանակներ եւ այլն:

Տասներկու ԱԳԼՃԿ-ում կազմվել են արձանագրություններ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Դրանցից երեքը, տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու համար, տուգանվել են մեկական միլիոն դրամով:

Երկու շարժական գազալցակայանների համար կազմվելենէ արձանագրությունններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու, ինչպես նաեւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու վերաբերյալ:

Օբյեկտների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու եւ առկա թերությունները վերացնելու համար: Նրանց իրազեկել են նաեւ հրդեհային ու տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջներին, դրանց կատարման համար պարտականություններին, ինչպես նաեւ չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների մասին:

Առաջիկայում խստացված ռեժիմով ստուգայցերը շարունակվելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում՝ վերահսկողության տակ պահելով նաեւ շարժական գազալցակայանները: