«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները վաղվանից անժամկետ նստացույց կսկսեն կառավարության մոտ` պահանջելով իրենց աշխատավարձերի պարտքի շուտափույթ մարում։ Այսօր` հուլիսի 15–ին, առավոտից գործարանի մոտ հավաքված նաիրիտցիները տեղեկացրին, որ այսօրվանից տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն սկսելու են աշխատավարձերի ուշացման դիմաց տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրերի ստորագրումը, ինչից հետո մի քանի օրվա ընթացքում պետք է վճարվեն իրենց աշխատավարձերը։ Սակայն նախկինում տնօրինության ու կառավարության չկատարած խոստումների փորձը հաշվի առնելով` վաղվանից նաիրիտցիներն անժամկետ նսացույցի կնստեն` պահանջելով, որ մինչեւ հուլիսի 24–ը փոխանցված լինեն բոլորի աշխատավարձերը։
Նշենք, որ համաձայնագրով նաիրիտցիները պարտավորվում են հրաժարվել աշխատավարձերի տույժ ու տուգանքի վերաբերյալ պահանջից եւ կստանան միայն աշխատավարձի մայր գումարը:
Հիշեցնենք, որ կառավարությունը խոստացել էր մինչեւ հուլիսի 15–ը մարել բոլոր պարտքերը, սակայն այսօրվա դրությամբ աշխատակիցներից ոչ մեկի հաշվին գումար չի փոխանցվել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:




























