Վարկը ձեւակերպելիս վարկառուները պետք է հստակ գիտակցեն, որ այդ օրվանից սկսած ձեւավորում են իրենց վարկային պատմությունը, որը որոշիչ դեր է խաղալու հետագա վարկավորման ժամանակ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը նշել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Նրա խոսքով՝ հաճախորդի վարկային պատմությունը բանկի հետ համագործակցության տվյալների շտեմարան է` սկսած վարկի ձեւակերպումից մինչեւ դրա մարումը: «Եթե վարկառուն ուշացնում է վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների մարումները, ապա տվյալ հաճախորդն ինքն իր համար ձեւավորում է  բացասական վարկային պատմություն, որը ենթակա չէ փոփոխման առնվազն 5 տարի»,-ասել է Առաքելյանը՝ հավելելով, որ հարցը չի կարելի լուծել այլ բանկ դիմելու միջոցով:

«Հայաստանում գործող ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն, վարկը հաստատելուց առաջ, դիմում է վարկային բյուրո` տվյալ հաճախորդի վարկային պատմությանը ծանոթանալու նպատակով:

Վարկային պատմությունը բանկի համար հաճախորդի համբավն է: Դրական վարկային պատմություն ձեւավորելու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձին անհրաժեշտ է ընդամենը ժամանակին կատարել իր վարկային պարտավորությունները: Արդյունքում` հետագայում հեշտությամբ եւ արագ կարող է ստանալ մեկ այլ վարկ եւս: Ընդորում, կարելի է հավակնել առավել բարենպաստ պայմաններով վարկավորման: Այդ առավելությունը կարող է արտահայտվել վարկի ավելի ցածր տոկոսադրույքով, մարման երկար ժամկետով կամ պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է խնդրահարույց վարկերի վերադարձման գործընթացին, ապա այն  բաղկացած է մի քանի փուլերից: Սկզբում բանկի մասնագետներն աշխատում են ոչ բարեխիղճ վարկառուի հետ եւ փորձում վերհանել վճարումների ուշացման պատճառները ու համապատասխան լուծումներ գտնել:

Օ.Առաքելյանի խոսքով, համագործակցության արդյունքում բանկը եւ հաճախորդը հիմնականում կարողնում են երկու կողմերի համար էլ ընդունելի լուծում գտնել` առանց գործը դատարան հասցնելու, եթե իհարկե վարկառուն միտումնավոր չի  փորձում խաբել բանկին: Լինում են դեպքեր, երբ որոշ անձինք փորձում են վարկային միջոցներ ստանալ բանկերից` ի սկզբանե նպատակ չունենալով դրանք վերադարձնել: Անգամ փորձում են թաքցնել կամ վնասել վարկի ապահովման միջոցը, օրինակ` գրավի առարկան:  Այդ դեպքերում, բնականաբար, բանկը դիմում է դատարան, բայց երբ վառկառուն կամ երաշխավորը փորձում են նույնիսկ մաս-մաս վճարելով մարել վարկը, ապա բանկը բոլոր հնարավոր դեպքերում գնում է ընդառաջ, նույնիսկ, եթե գործը գտնվում է հարկադիր կատարման փուլում:

Նշվեց նաեւ, որ լինում են ակնհայտ չարամտորեն գրավի առարկան ոչնչացնելու, թաքցնելու, փաստաթղթերը կեղծելու, նոտարական կարգով իր տրված համաձայնագրերից կամ ստորագրված փաստաթղթերից հրաժարվելու դեպքեր: Օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով բավականին լուրջ տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով  կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում է սահմանվում  պետության, միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, եթե այն խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպությանը կամ պետությանը: Բանկային համակարգում ներկայումս առկա է նման դեպք, երբ անձն այդ հոդվածով ենթարկվել է քրեական պատասխանատվության:

Ի դեպ` ներկայումս քննարկման փուլում է գտնվում քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Ըստ այդմ ընդլայնվում է քրեական պատասխանատվություն նախատեսող այն հոդվածների ցանկը, որոնցով սահմանվում է պատիժ գրավի առարկան թաքցնելու, ոչնչացնելու եւ վնասելու համար:

«Ուստի, մեկ անգամ եւս հորդորում ենք վարկառուներին ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները,  ձեւավորել դրական վարկային պատմություն, իսկ խնդիրներ ծագելու դեպքում զերծ մնալ խարդախության փորձերից եւ դիմել բանկին` հաշտության եզրեր գտնելու համար», - նշեց Օ.Առաքելյանը: