Ճապոնիայի ոստիկանությունը մտադիր է նախկին յակուձաներին օգնության համազգային ծրագիր մշակել, որպեսզի յակուձաները, որոնք լքել են մաֆիան, կարողանան աշխատանք գտնել եւ նորմալ կյանք սկսել։
Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, նման փորձ արդեն կատարվել է հարավային Ֆուկուոկա պրեֆեկտուրայում, որտեղ գործում է «Կուդոկայ» սինդիկատը։
Այն բանից հետո, երբ անցյալ տարի կալանավորվել էր խմբավորման պարագլուխ Սատորու Նումուրան, սինդիկատի հզորությունը զգալիորեն թուլացել էր, եւ մոտ 40 մարդ լքել էր նրա շարքերը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրանք ստիպված էին թաքնվել մաֆիայից երկար ժամանակ, մինչեւ որ գործին միջամտեց ոստիկանությունը, որը օգնեց մաֆիայի նախկին անդամներին աշխատանքի տեղավորվել եւ լուծել իրենց խնդիրները սինդիկատի հետ։
Ոստիկանները կարծում են, որ սա կօգնի այլ մաֆիոզիներին, որոնք վախենում են լքել հանցավոր խմբավորման շարքերը, դիմել այդ քայլին։




























