ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին զրպարտելու մեջ մեղադրվող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը վստահ է, որ գործով նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյանը կպաշտպանի նախկին վարչապետի շահերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը` ներկայացնելով իր տպավորությունները այսօրվա դատական նիստից։
Գրիշա Բալասանյանը նշեց, որ այսօր՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստին, որը, նրա խոսքով, լարված է անցել, պարզ է դարձել, որ գործում առկա է Տիգրան Սարգսյանի ներկայացուցչի մի միջնորդություն, որին ծանոթանալու համար Բալասանյանը խնդրել է հետաձգել նիստը, սակայն նախագահող դատավորը մերժել է իր միջնորդությունը: Միջնորդությամբ հայցվոր կողմը պահանջում է զրպատություն համարել նաեւ Փայլակ Հայրապետյանի՝ shamshyan.com կայքում հրապարակված հարզացրույցից մի հատված, որում Հայրապետյանը մեղադրում է Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։ Խոսքը հարցազրույցի հետեւյալ հատվածի մասին է. «Իր հաշվին նստած 7մլն 500 000 դոլարով Աշոտ Սուքիասյանը մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են: Դակումենտալնի գրանցված է՝ 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ»:
«Պատահմամբ պարզեցի, որ գործում առկա է Տիգրան Սարգսյանի ներկայացուցչի կողմից արված մի միջնորդություն, որի մասին եւ շատ ուշ եմ իմանում: Դատավորն ինձ 5 րոպե ժամանակ տրամադրեց, որպեսզի ես կարողանամ միջնորդությանը ծանոթանալ եւ դիրքորոշում հայտնել: Դատավորը փորձում էր իր սխալը բարդել կողմերի վրա, այն դեպքում, որ չի տեղեկացրել՝ գործում նման միջնորդություն կա: Ես գուշակ չեմ»,-ասաց Բալասանյանը:
Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը նաեւ դժգոհեց, որ դատավորն իրեն թույլ չի տվել պարզաբանել գործին առնչվող կարեւորագույն հարցերից մեկը, որը, ի դեպ, նախորդ դատական նիստին բարձրացրել էր նաեւ Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչը։
«Պարզ չէ, թե գործով երրորդ անձ ճանաչված Շամշյանն ով է՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձ է: Դատավորն այդ հարցն էլ հանեց ՝ ասելով, որ գործին չի վերաբերում, մինչդեռ դա կարեւոր է, որովհետեւ գործում առկա չէ որեւէ ապացույց, որ Գագիկ Շամշյանը shamshyan.com-ի սեփականատերը, խմբագիրը կամ ներկայացուցիչն է»,- ասաց նա:
Այս ամենը հաշվի առնելով` Գրիշա Բալասանյանը վստահ է, որ դատավորը չի կարող այս գործն անկողմնակալ քննել:
«Դատավոր Զարուհի Նախշքարյանի այսօրվա վերաբերմունքից արդեն կարող եմ հստակ ասել, թե ինչ վճիռ է կայացնելու: Դատավորը շատ կանխատեսելի է, իր պահվածքով հստակ ցույց է տալիս, որ պաշտպանելու է Տիգրան Սարգսյանի շահերը: Չգիտեմ` ազդեցություն կա, թե ոչ, բայց նրա պահվածքը վկայում էր այն մասին, որ նա չի կարող անաչառ քննել այս գործը»,- ասաց Փայլակ Հայրապետյան ներկայացուցիչը:
Գրիշա Բալասանյանը հետաքրքրաշարժ համարեց այն հանգամանքը, որ դատական նիստը հետաձգվել է ոչ թե իր միջնորդության հիման վրա, այլ դատավորի այն պատճառաբանությամբ, թե իբրեւ նիստը լարված է անցնում, եւ այդպիսի պայմաններում հնարավոր չէ գործի քննությունը շարունակել:
Նշենք, որ դատական նիստին չեն ներկայացել մեղադրվող Փայլակ Հայրապետյանը եւ որպես երրորդ անձ ներգրավված Գագիկ Շամշանը, որի կայքում էլ հրապարակվել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին «զրպարտող» նյութերը:
Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 4-ին:
Հիշեցնենք, որ «Օֆշորի» հայտնի գործով տուժող Փայլակ Հայրապետյանը shamshyan.com կայքին հարցազրույցներ էր տվել, որոնցում իր սնանկացման մեջ մեղադրում է ոչ միայն Աշոտ Սուքիասյանին, այլեւ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Տիգրան Սարգսյանը դիմել է դատարան՝ պահանջելով իր կարծիքով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և հասցված բարոյական վնասի դիմաց 1 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցել:




























