Ռուսական ռուբլու արժեզրկման պատճառը ոչ միայն ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն են, այլեւ տնտեսության չզարգանալը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանը:

«Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները կային, դրանք մնում են, վիճակը չի փոխվել, ուղղակի խոսքը գնում է նորերի մասին կամ կամ եղած վիճակը պահպանվում է: Պարզապես եղած սանկցիաների իրավիճակում տնտեսությունը չի կարողանում ձգտել բարձր իրավիճակների, եւ քանի որ տնտեսության ռեսուրսները նվազել են, նոր ռեսուրսներ չեն համալրվում ռուսական էկոնոմիկայի մեջ, էկոնոմիկան անկում է ապրում, որը կարող է ազդել նաեւ մեր վրա: Մեր վրա կարող է ազդել նաեւ դոլարի արժեւորումը»,-ասաց փորձագետը:

Տնտեսագետը շեշտեց՝ քանի որ սանկցիաները չեն թեթեւացել, ռուսական էկոնոմիկան «ճռռում» է, իսկ ներդրումները եւ պետության կողմից արվող քայլերը ազդեցություն չեն ունենում նման մասշտաբի պետության մեջ:

Գագիկ Մակարյանը շեշտեց, որ եթե սանկցիաները հանվեին, վիճակը կթեթեւանար, բայց դրանք մնում են, իսկ տնտեսությունը չի զարգանում, գնում է ինֆլյացիայի: 

Նշենք, որ վերջին շրջանում դրամն արժեզրկվում է, իսկ դոլարի փոխարժեքը հասել է 478 դրամի սահմանագծին:  Բացի այդ, արժեզրկվում է նաեւ ռուսական ռուբլին: