«Օֆշորի» հայտնի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իր որոշմամբ է եկել Հայաստան՝ պարզաբանումներ տալու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց ամբաստանյալը:
«Ես Կիպրոսից եկել եմ Ստամբուլ, Ստամբուլից Վրաստան: Ինքս եմ այնտեղից եկել Հայաստան, որ պարզաբանումներ տամ»,- ասաց ամբաստանյալը:
Աշոտ Սուքիասյանը տուժող Փայլակ Հայրապետյանին մի քանի հարցադրում արեց՝ նշելով, որ Փայլակ Հայրապետյանն իր օգտին գործի որոշ հանգամանքներ է թաքցնում:
«Ինչո՞ւ չես ուզում խոստովանել, որ ուզում էիր բիզնեսս խլել ինձնից»,- ամբաստանյալը դիմեց Փայլակ Հայրապետյանին, որն էլ արձագանքեց. «Դուք եք խլոցի խաղացել քո Կճոյանի հետ»:
Փայլակ Հայրապետյանը դատավորի ու իր փաստաբանների հարցերին էմոցիոնալ պատասխաններ տվեց. «Ինձ ու ընտանիքիս խաբել են: Ես չեմ մտածել, որ վարչապետը, երկրի երկրորդ հոգեւորականը ինձ կխաբեն: Այդ գումարի ոչ մի մասը բիզնես նպատակով չի օգտագործվել: 9 միլիոնը ուղարկվել է օֆշորային գոտի»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 23-ին:
Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց։
Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը, պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Ներկայում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունները օֆշորային գործին: Միաժամանակ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Տիգրան Սարգսյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի, որով նախկին վարչապետը պահանջում է հերքել լրատվամիջոցներում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք նա համարում է զրպարտություն, և հասցված բարոյական վնասի դիմաց 1 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցել:





























