Մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհ չեն, որ նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի։ Այս մասին հուլիսի 16-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
«Մենք ներկայացրել ենք, թե ինչով է պայմանավորված անցումը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Սա շատ տարածված է։ Իհարկե, կան շատ ավանդական խորհրդարանական պետություններ, որոնք հիմնված են հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգի վրա, սակայն վերջին տարիներին բոլոր երիտասարդ ժողովրդավարությունները հիմնվում են հենց համամասնականի վրա»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարկվել է նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին։





























