Նոր Սահմանադրությամբ խորհրդարանական ընդդիմությանը տրվում են բավական լուրջ լիազորություններ, ինչը ժողովրդավարության ցուցանիշ է։ Այս մասին հուլիսի 16–ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխությանը, ըստ որի, ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։
«Ինձ համար դա շատ ողջունելի է։ Այդ ժամանակ, երբ որ ԱԺ կանոնակարգ–օրենքի շրջանակում ԱԺ փոխնախագահը ստիպված կլինի որեւէ պատգամավորի խոսափողն անջատել, այդ ժամանակ չեն բողոքի, թե իշխանությունը զրկում է ընդդիմությանը ձայնից։ Այդ ժամանակ իրենք էլ կհասկանան, որ կանոնակարգ–օրենքը պետք է պահպանվի` անկախ նրանից` ընդդիմություն ես, թե իշխանություն»,– ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին ընտրելու է ընդդիմությունը, իշխանությանն այդ թեկնածուի առաջադրմանը չի մասնակցելու, իսկ թե ինչ կարգով է տեղի ունենալու թեկնածուի առաջադրումն ու ընտրությունը, կկանոնակարգվի Ընտրական օրենսգրքով։





























