Սահմանադրական փոփոխությունների հիմնական գաղափարն է երկիրը պատրաստ դարձնել խաղաղ իշխանափոխության։ Այս մասին հուլիսի 16-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

«Մենք իսկապես պետք է հասկանանք, թե ինչն է իշխանությանը ստիպում գնալ այս բարեփոխմանը։ Մեր պատասխանատվությունն է ներկայացնել գործող համակարգի թերությունները։ Կիսանախագահական երկրներ կան, որոնք վտանգավոր իրավիճակներ են ունեցել, Հայաստանի համար այդ իրավիճակը կրկնակի վտանգավոր կարող է լինել»- ասաց Դավիթ Հարությունյանը։

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, որոշ քաղաքական ուժեր հրաժարվում են կոնսոլիդացիայից՝ այս կերպ դեմ արտահայտվելով կառավարման նոր համակարգին, կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Բանն այն է, որ նման արմատական փոփոխությունները յուրաքանչյուրը կարող է օգտագործել զուտ քաղաքական շահարկումների նպատակով, ուղղակի օգտագործելով տարածված տերմինաբանություն, օրինակ, իշխանության վերարտադրություն եւ այլն»։

Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարկվել է նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին։