Ջերմոցային գազերի արտանետումների առումով մեր երկիրը պետք է որոշակի պարտավորություններ վերցնի նոր Համաձայնագրով, որը պետք է ընդունվի այս տարվա վերջին` Փարիզում կայանալիք կոնվենցիայի կողմերի համաժողովում: Այս մասին «Հողային ռեսուրսների եւ պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության եւ ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Նրա խոսքով, այդ նոր Համաձայնագրին բարձր կարեւորություն է տրվում, քանի որ բոլոր երկրները պետք է ինչ-որ չափով վերցնեն պարտավորություններ` նվազեցնելու/սահմանափակելու արտանետումները, դրանով ներդրումներ անելով գլոբալ տաքացման դեմ պայքարում: «Հայաստանը պետք է մշակի այդ ներդրումների/պարտավորություններ փաստաթուղթը, եւ մինչեւ հոկտեմբեր դա պետք է ներկայացվի Կողմերի քարտուղարությանը որպես Հայաստանի դիրքորոշում: Մոտ 40 երկիր արդեն ներկայացրել է իր դիրքորոշումը, որից 27-ը Եվրամիության երկրներն են: Այդ դիրքորոշման մեջ Հայաստանը, որպես զարգացող երկիր, ինչպես եւ այլ զարգացող երկրները, նախատեսում է ներառել տարբեր ոլորտների խոցելիությունը»,-նշել է Հարությունյան:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգողն իր ելույթում նաեւ նշել է հետեւյալը.
«Ո՞ր ոլորտներն են Հայաստանում խոցելի, ի՞նչ խնդիրներ Հայաստանը ինքնուրույն կարող է լուծել եւ պետք է լուծի, ի՞նչ քաղաքականությամբ եւ միջոցներով, ի՞նչ միջոցներ պետք է հայցել միջազգային համայնքից այդ խնդիրների լուծման համար եւ ի՞նչ ուղղություններով: Մեր այսօրվա քննարկման խնդրին են վերաբերում հողօգտագործման փոփոխության հետեւանքով առաջացող արտանետումները, երբ հողը, հումուս ավելի շատ պարունակող կամ ածխածին կլանող տիպի օգտագործումից, այսինքն խոտհարք, անտառ կամ այլն, տեղափոխվում է այլ կարգավիճակ ունեցող հողի: Հումուսի կորուստը, CO2-ի կորուստ է, որը նույնպես հաշվարկվում է երկրի ջերմոցային գազերի հաշվեկշռում: Եվ եթե երկիրը վերցնում է որոշակի պարտավորություններ արտանետումների սահմանափակման, ապա դա վերաբերում է նաեւ կլանիչների՝ հողի եւ անտառային ռեսուրսների զարգացնելու քաղաքականությանը: Երկրորդ խնդիրը, որը մենք այսօր ունենք կլիմայի փոփոխության ներքո պարենային անվտանգության խնդիրն է, որը նաեւ ձեւակերպվում է որպես կլիմայական ռիսկ եւ կորուստ: Կան անխուսափելի կորուստներ, բայց կան նաեւ ուղիներ` մեղմելու այդ կորուստները: Այդ բացասական հետեւանքները մեղմելու համար միջազգային նպատակային աջակցություն ստանալու համար կարեւոր է հստակեցնել, որ դա հետեւանք չէ վատ կառավարման, այլ հետեւանք է արտաքին գործոնների: Ազգային ռազմավարությունների մեջ ճիշտ ձեւակերպված հարցապնդումները եւ դրանց իրականացման համար երկրի ջանքերը կարեւոր են նաեւ համապատասխան առաջնահերթությունների ձեւակերպման համար: Գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերները կլիմայի փոփոխության ներքո միայն մեկ նախարարության խնդիրները չեն: Պետք են ֆինանսական գործիքներ, տնտեսական ճիշտ խթանիչ մեխանիզմներ, օրինակ, ինչպես գյուղատնտեսության ապահովագրության հարցը: Դրա կարեւորությունը ամրագրված է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության մեջ, բայց լուծման լծակները հիմնականում Կենտրոնական բանկի եւ Ֆինանսների նախարարության դաշտում են:
Երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախարարի մոտ էին եկել Եվրամիության անդամ երկրների 10 դեսպանատների ներկայացուցիչներ`քննարկելու Հայաստանի Հանրապետության կողմից կլիմայի փոփոխության նոր համաձայնագրին միանալու խնդիրները: Դա արվել էր ցույց տալու, որ Եվրամիությունը բավականին լուրջ է վերաբերվում նոր Համաձայնագրի մշակման եւ ընդունման գործընթացին: Հայաստանը մինչեւ այս տարվա հոկտեմբերի մեկը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը Համաձայնագրի ներքո»:





























