Դատավորները հրաժարվում Վեհափառին դատել, որովհետև կան պարկեշտ դատավորներ, որ հասկանում են, որ դա թե իրենց,  թե իրենց սերունդների համար խարան է լինելու, դրա համար չեն ուզում մտնել այդ ապօրինությունների տակ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Ինձ թվում է այդ սխեման հերթով զարգանալու է և շատ դատավորներ հասկանալու են, որ ոչ միայն կաթողիկոսի նկատմամբ, այլ բոլոր ապօրինությունների դեպքում այդպիսի մոտեցում պետք է ունենան։ Այդ դեպքում Փաշինյանն էլ խելոք կնստի իր տեղը»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ՀՀ իշխանությունները ձգում են ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն կատարելու հարցը,Կարապետյանն ասաց. «Մարդիկ իրենք էլ չեն հասկանում, ինչ են անում, չեն հասկանում՝  լավը որն է, վատը որն է, դրա համար ձգելով իրենք փորձում են իրենց իշխանությունը ձգել։ Իրենց համար բացարձակ նշանակություն չունի ԵՄ, ԵԱՏՄ։ Հենա բյուջեն մսխում են, մարդկանց փողեր բաժանում են, ձայներ հավաքում են, իրենց լավ են զգում, բայց դրան վերջ է լինելու։

Աշխարհի բոլոր այն իշխանությունները, որոնք այդ ռեպրեսիվ ճանապարհով գնում են, հետագայում ունենում են շատ վատ վերջ։ Դրա համար ես համոզված եմ, ինքը կամաց-կամաց ուշքի է գալու և կանգնելու է օրինական ճանապարհի վրա, եթե հասցնի։

Իրենք չեն հասկանում, որ իրենց ցանկացած գայլ անօրինական է, պետք է մարդիկ հասկանան դա։ Ամեն օր, որ գալիս ենք դատարան դուք լսում եք, օրինակա՞ն է սա, ի՞նչն է օրինական, ի՞նչ կապ ունեմ ես այս գործերի հետ»։