Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դոլարն արդեն ոչ մեկին պետք չէ։
Ուրբաթ Բելառուսի նախագահը մանրամասներ է ներկայացրել «Նորնիկելի» նախագահ Վլադիմիր Պոտանինի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումից։
«Ռուսաստանում ամենահարուստ մարդը։ Նա պատրաստ է ներդրումներ անել։ Միակ բանը, որի մասին մենք տեսականորեն խոսել ենք, և այսօր դա տեսնում են նաև բելառուսները, սա է՝ ո՞ւմ է այսօր պետք դոլարը։ Արդեն ոչ մեկին պետք չէ», - ասել է Լուկաշենկոն, որի խոսքերը փոխանցել է «Белта» գործակալությունը։
Նա նշել է, որ ԱՄՆ ներկայիս քաղաքականության պայմաններում դոլար պահել պահուստներում վտանգավոր է, ավելի լավ է դրանք հիմա ներդնել կոնկրետ նախագծերում։ Որպես օրինակ նա բերել է Ռուսաստանը, որի մի քանի հարյուր միլիարդ դոլարի ոսկու-արժութային պահուստներ Արևմուտքում արգելափակվել են։
«Կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, թող ինձ ներեն Էմիրությունները՝ մեր բարեկամները, որոնց մոտ մոտավորապես մեկ տրիլիոն կա։ Ի՞նչ են նրանք անելու այդ դոլարները։ Բոլորը տեսնում են այն քաղաքականությունը, որ ԱՄՆ-ը վարում է ֆինանսական ոլորտում», - հավելել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով՝ Պոտանինը պատրաստ է ներդրումներ անել Բելառուսում իրականացվող նախագծերում։ Լուկաշենկոն նշել է, որ Պոտանինի ընկերություններին անհրաժեշտ է հանքավայրային և հանքային տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու սարքեր։ Նա ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է համագործակցել այս ուղղություններով, ինչպես նաև հումանիտար ոլորտում։





























