Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղի ղեկավար Կարեն մանվելյանը համարում է, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում գայլին դաժանաբար սպանելու միջադեպը ոչ քրիստոնեական արարք է:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով դաժան միջադեպը, WWF մասնաճյուղի ղեկավարը վստահություն է հայտնել, որ գայլի նկատմամբ նման արարք կատարող մարդը կարող է նույնն անել մարդու նկատմամբ:
«Այսօր գայլն է, կատուն կամ մեկ այլ կենդանի, վաղը կլինի մարդը: Քրիստոնյան չի կարող այդպես վարվել կենդանի էակի հետ»,-ամփոփել է Կարեն Մանվելյանը:
Աղաղակող միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին Վահան գյուղում, սակայն այն միայն հիմա է հայտնի դարձել հանրությանը, երբ համացանցում հայտնվել է կենդանուն դաժանաբար ծեծելով սպանելու տեսանյութը:
Տեսանյութը համընդհանուր վրդովմունք է առաջացրել, կենդանիների պաշտպանությամբ զբաղվողները պահանջում են պատժել մեղավորներին: Իրավապահ մարմինները, սակայն, չեն շտապում միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածով պատիժ է նախատեսվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Հոդվածում մասնավորապես, նշված է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:




























