Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի նորաբաց դեսպանության աշխատանքը կնպաստի տնտեսության տարբեր բնագավառներում հայ-ճապոնական կապերի խորացմանն ու արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնմանը:
Դեսպան Տագուչին շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը խորացնելու համար: Նա նաեւ գոհունակությամբ նշել է, որ ճապոնական կողմի աջակցությամբ Հայաստանում հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր էներգետիկայի, գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ոլորտներում եւ շեշտել, որ առկա է զգալի ներուժ տնտեսության այլ ոլորտներում եւս հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացման համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, դեսպանի խնդրանքով ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ներկա վիճակը, տնտեսական զարգացման ռազմավարության եւ արդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները: Կ,Ճշմարիտյանը նշել է, որ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսներն ու աշխարհագրական տարածքը, աշխարհաքաղաքական իրավիճակն ու շրջափակման իրողությունը մի կողմից, եւ կրթության ու գիտության նկատմամբ հայերի գենետիկ հակվածությունը, առկա մարդկային ներուժը մյուս կողմից` Հայաստանը որդեգրել է գիտելիքահենք տնտեսության ձեւավորման եւ ինովացիոն համակարգի զարգացման քաղաքականություն, ինչն ամրագրված է նաեւ «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագծում: Էկոնոմիկայի նախարարը Ճապոնիայի դեսպանին փոխանցել է «Հայաստան.Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագիծը, ինչպես նաեւ նշել, որ առաջիկայում նրան կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը:
Որպես համագործակցության ուղղություններ նախարարն առանձնացրել է քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները: Կ.Ճշմարիտյանը նաեւ նշել է, որ Հայաստանի համար հատկապես հետաքրքիր է ինովացիոն ոլորտում Ճապոնիայի ունեցած հարուստ փորձը:
Նշելով, որ Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ ճապոնական ընկերությունների` դեպի Հայաստան չվերթեր իրականացնելու համար, ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկվել է քննարկել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ավիացիայի ոլորտում համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության /JETRO/ միջեւ համագործակցության հաստատման անհրաժեշտությունը, ինչը եւս կնպաստի տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման խթանմանը, առեւտրի եւ ներդրումների ծավալների ավելացմանը:





























