Օգոստոսի 14-ին մեկնարկում է աշխարհի հզորագույն ու ամենադիտարժան ազգային առաջնություններից մեկը` Անգլիայի Պրեմյեր լիգան: Առաջին տուրում մեծ հետաքրքրություն են ներկայացնում «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» եւ «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումները: Ռոյթերսը հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթին» վաղվա հանդիպման հայտացուցակում ընդգրկել է նաեւ բրազիլացի հարձակվող Ռոբինյոյին: Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ասել է, որ Ռոբինյոն երեկ է միացել թիմին, շատ հոգնած է, սակայն ընդգրկվել է հայտացուցակում:

«Մանչեսթեր Սիթին» Ռոբինյոյին 2008-ին «Ռեալից» գնեց Անգլիայի համար ռեկորդային 32,5 միլիոն ֆունտով: Սակայն բրազիլացու խաղն Անգլիայում չստացվեց, եւ նա անցած ձմռանը վարձավճարով տրվեց Բրազիլիայի «Սանթոսին»: Ռոբինյոն բազմիցս ցանկություն էր հայտնել կարիերան շարունակել հայրենիքում, սակայն անգլիական ակումբը հրաժարվեց բաց թողնել ֆուտբոլիստին: