Բանակի մարտունակության չափանիշը փաստերն են, ոչ թե ճոռոմ հայտարարությունները: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունները:
Այդ պաշտոնյան Ադրբեջանի բանակի մարտական պատրաստականությունն ապացուցող այլ փաստարկ չի գտել, քան իր երկրի նախագահի խոստումը, թե «մեկ շաբաթում Հայաստանում քարը քարին չեն թողնելու»: «Դա ապացուցում է, որ ադրբեջանական բանակը, որը հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ, աշխարհի ուժեղագույն բանակների շարքում է»,-հայտարարել է Հասանովը:
«Մարտունակությունը հաստատում են ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե սպառազինությունների քանակով, այլ դրանք օգտագործելու ունակությամբ, ոչ թե բյուջեի չափով, այլ դրա ճիշտ բաշխմամբ»,-ընդգծել փորձագետը:
«Երեւի, Հասանովին արդեն չի հերիքում իր բանակը «տարածաշրջանում լավագույնը» հռչակելը: Այս տեմպերով ադրբեջանցի նախարարը շուտով իրենց բանակը կհռչակի, ոչ թե աշխարհի, այլ «տիեզերքի լավագույն բանակների» շարքում»,-հեգնանքով նկատել է Արկադի Գրիգորյանը:





























