Հայաստանը հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները կսկսվեն շուտով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Երեւանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք գոհունակությամբ նշեցինք, որ Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթաժողովին տարբերակված մոտեցում ցուցաբերվեց «Արեւելյան գործընկերության» 6 երկրների հետ փոխշահավետ համագործակցությանը: Մենք հույս ունեն, որ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները կսկսվեն շուտով, ինչը մեր հարաբերություններում նոր էջ կբացի»,-ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ Հայաստանը շահագրգռված է իր կարեւորագույն գործընկերներից մեկի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ կառուցողական բազմամյա երկխոսության զարգացմամբ:
«Դրա համար կա քաղաքական կամք, եւ որ ամենագլխավորն է, արժեքային համակարգ, որի վրա կառուցում ենք մեր ուղին ու մոտեցումները»,-ամփոփել է ՀՀ նախագահը: Նա նաեւ ընդգծել է ԵՄ կառույցների հետ մշտական աշխատանքի կարեւորությունը:





























