Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ընթացքը եւ նշել, որ երկուստեք առկա է քաղաքական կամք եւ հանձնառություն՝ էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու փոխգործակցությունը: «Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը, որի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», - ընդգծել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է մեր երկրում ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումները եւ նշել, որ դրանց արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ ԵՄ եւ ԵԱՏՄ շրջանակում ՀՀ հանձնառությունները ներդաշնակեցնելու նպատակով ստեղծվել է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դոնալդ Տուսկը նշել է, որ ուրախ է նորից գտնվել բարեկամ Հայաստանում եւ քննարկել ՀՀ-ԵՄ կապերի սերտացման հեռանկարները: «Որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ համոզված եմ, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Եվրոպական միության համար այս տարածաշրջանում, եւ Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել համագործակցությունը: Մենք նաեւ ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, եւ համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Դոնալդ Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը եւ անդրադարձել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, քաղաքացիների շփումների խթանմանը եւ ԵՄ հետ ազատ տեղաշարժի ապահովմանը, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցություններին վերաբերող եւ այլ հարցերի: Վարչապետը եւ ԵԽ նախագահը համոզմունք են հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին եւ կնպաստի բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Դոնալդ Տուսկը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի հանձնառությունը՝ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում եւ նշել, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել ֆինանսական աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ԵՄ շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Իր հերթին Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Եվրոպական միությունը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցի շուրջ:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար՝ նշելով, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:
.jpg)
.jpg)





























