Անհնար է պատկերացնել Հայաստանի զարգացումն առանց ժողովրդավարական բարեփոխումների: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Երեւանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Եթե Ադրբեջանն ունի նավթ ու գազ, խնդրեմ, թող Եվրամիությունը համագործակցի այդ երկրի հետ այդ ոլորտում: Իսկ մենք ուզում ենք, որ մեր երկրում բարեփոխումներ տեղի ունենան, որոնք կամրապնդեն օրենքի գերիշխանությունն ու մարդու իրավունքները: Որովհետեւ ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների, առանց Եվրոպայի փորձի ու աջակցության»,-ընդգծել է Սերժ Սարգսյանն ու հավելել, որ հենց այդ պատճառով միանալով ԵՏՄ-ին, Հայաստանը շարունակում է սերտորեն համագործակցել նաեւ ԵՄ-ի հետ:





























