ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր` հուլիսի 20–ին, հանդիպել է փախստականների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների հետ։ Այս մասին Ուորլիքն ասաց Երևանում լրագրողների հետ հանդիպմանը` նշելով, որ փախստականների վերադարձի հարցը հակամարտության խաղաղ կարգավորման ամենակարեւոր եւ ամենաբարդ խնդիրներից է։
«Փախստականների վերաբնակեցման հարցերը բանակցությունների սեղանին է։ Սա շատ բարդ խնդիր է եւ ես ուրախ կլինեմ, եթե մեր բանակցությունների շրջանակում սկսվի այս հարցերի լուծումանը տանող գործընթաց»,–ասաց Ուորլիքը` խուսափելով ուղղակիորեն պատասխանել լրագրողի հարցին, թե ինչպես պետք է լուծվի ներկայում Ադրբեջնի կազմում գտնվող տարածքներից տեղահանված հայերի վեարաբնակեցման հարցը։
Ուորլիքի խոսքով` ինքը վերջերս հանդիպել է նաեւ ադրբեջանցի փախստականների հետ։
«Բաքու կատարած իմ վերջին այցի ժամանակ ես հանդիպել եմ փախստականների, մասնավորապես`Զանգելանից (խմբ. Կովսական) տեղահանվածների հետ։ Նրանք ներկայացրին իրենց առջեւ ծառացած խնդիրները, եւ նրանք նույնպես ցանկանում են վերադառնալ իրենց տներ։ Այսօր Հայաստանում ես նույնպես հանդիպել եւ զրուցել եմ տեղահանվածների հետ։ Այդ հարցերը եւս քննարկման կարիք ունեն»,–ասաց Ուորլիքը։





























