Հուլիսի 20-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովի եւ ԼՂՀ ու ՀՀ աշխատանքային խմբերի համատեղ նիստ, որը համանախագահում  էին ԼՂՀ նշված հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը եւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանձնաժողովի աշխատանքներին ներկա էր նաեւ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն:

Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորածների հուղարկավորման հնարավոր վայրերի հայտնաբերման, արտաշիրմանն ուղղված համատեղ աշխատանքների, ոլորտին առնչվող քրեադատավարական գործողությունների համադրման, անհայտ կորածների ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու եւ այլ անձնական տվյալներ հավաքագրելու հարցեր:

Այնուհետեւ հայկական երկու հանրապետությունների համապատասխան հանձնաժողովների կողմից կարեւորվել է ԿԽՄԿ պատվիրակության` նշված աշխատանքներին աջակցելու, աշխատանքային խմբերին համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերելու եւ առանց հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու, ցանկացած ձեւաչափով ադրբեջանական կողմի հետ փոխհամագործակցելու հարցերին նպաստելու  անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը բարձր է գնահատել ԼՂՀ հանձնաժողովի գործունեությունը եւ համագործակցությունը իրենց կառույցի հետ:

Հանձնաժողովի նիստի ավարտին քննարկվել է հետագա անելիքներին եւ համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վերջում նիստի մասնակիցները այցելել են ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության թանգարան, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ հետագա ծրագրերին: