Մոլդովայում ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման կոչով այսօր հանդես է եկել «Մեր տունը Մոլդովան է» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գրիգորի Պետրենկոն:

«Կարեւորը միավորվելն ու այս անօրինականության դեմ դուրս գալն է: Օրինակ վերցնենք Հայաստանից, որտեղ սակագները բարձրացնելու փորձից հետո մարդիկ զանգվածային բողոքի ակցիաների դուրս եկան»,- ասել է Պետրենկոն:

Նա նաեւ նշել է, որ ցույցեր պետք է անցկացնել ամեն օր՝ հավելելով, որ կուսակցությունը մտադիր է առաջին ակցիան կազմակերպել հուլիսի 22-ի երեկոյան, Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության շենքի մոտ (ԷԿԱԳ):

Անցյալ շաբաթ ԷԿԱԳ-ն հաստատել է էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 30%-ով, բնական գազինը՝ 15%-ով բարձրացնելու որոշումը: Գործակալության ղեկավար Սերգեյ Չոբանուն լրագրողներին ասել է, որ մոլդովական լեյի արժեզրկման պայմաններում սակագների աճն անխուսափելի է եւ այսքանով չի ավարտվի:

Սակագների բարձրացում պահանջող տեղական մատակարարները դժգոհ են արդյունքից: Ռուս-մոլդովական «Մոլդովագազ» բաշխիչ ընկերությունը խնդրել էր սակագինը բարձրացնել 51%-ով, իսկ էլեկտրաէներգիայի խոշորագույն մատակարար Gas Natural Fenosa-ն կրկնակի աճ է պահանջում: ԷԿԱԳ-ի ղեկավարը, սակայն, կարծում է, որ «սակագների կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի»: