Ընդունված է կարծել, որ արտաքին գեղեցկության մասին հիմնականում դատում են՝ ելնելով դեմքի համաչափությունից: Մասնագետների կարծիքով, դեմքի աջ եւ ձախ կողմի միջեւ նվազագույն տարբերությունն առողջության եւ լավ գեների նշան է:

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ դեմքի գեղեցկությունը գնահատելիս տղամարդիկ բոլորովին այլ նախանշաններով են ղեկավարվում: Նրանք առավել գրավիչ են համարում միջին վիճակագրական արտաքինին առավելագույն մոտ տվյալները:

Մասնագետները հետազոտություն են անցկացրել 18-30 տարեկան 266 ուսանողուհու շրջանում, որոնց լուսանկարները 44 տղամարդ է գնահատել: Գնահատման չափանիշներից են եղել դեմքի համաչափությունը, միջին վիճակագրական կերպարին համապատասխանությունը, կանացիությունը, երիտասարդությունը եւ այլն:

Արդյունքում պարզվել է, որ կանացի դեմքի տղամարդկային ընկալումը հիմնականում կապված է ոչ թե համաչափությունից, այլ երիտասարդությունից եւ այս կամ այն տեղանքին բնորոշ միջին վիճակագրական գծերից: Իսկ իրականում կնոջ գեղեցկությունը թեեւ կարեւոր, սակայն նրա գրավչությունը որոշող միակ գործոնը չէ: