Արագաչափերի ու տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին չի բավարարել Ճանապարհային ոստիկանության` իրենց տված պատասխանը, ըստ որի բավարարվում է նախաձեռնության ներկայացրած պահանջներից միայն մեկը։ Նախաձեռնության անդամները ոստիկանության պատասխանին ծանոթացել են ՃՈ–ում հուլիսի 15-ին կայացած քննարկման ժամանակ։
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց քննարկմանը մասնակցածներից Արմեն Եփրեմյանը, դրա ժամանակ նախաձեռնությանը տեղեկացրել են, որ օրենսդրական փաթեթ են մշակելու` շտկելու նրանց բարձրացրած խնդիրներից մեկը։
«Խնդիրները, որոնք, իրենց ասելով կլուծվեն, բարձրացրել էինք առաջին պահանջում։ Այն վերաբերում էր տեսախցիկները հանելուն կամ բալային համակարգին անցնելուն, այսինքն վարչական իրավախախտում անողին միանգամից գրպանին մի խփեք, ուրիշ տարբերակներ կան: Եթե միանգամից տուգանում են, դա նշանակում է, որ մենք «Սեքյուրիթի դրիմին» ֆինանսով ապահովելու մոտիվացիայով ենք շարժվում` անտեսելով կանոնավոր երթեւեկություն ապահովելու մոտիվացիան»,- ասաց Արմեն Եփրեմյանը` նշելով, որ ոստիկանությունում չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրներ է լուծելու օրենսդրական փաթեթը։
Արմեն Եփրեմյանը նշեց, որ ՃՈ-ում ասել են, որ իրենց ներկայացրած մյուս պահանջներում բացրացված խնդիրները լուծելու համար բավարար ֆինանսական միջոցներ չկան։
Նախաձեռնությունը պատրաստվում է անհնազանդության նոր ձեւերի դիմել` իր բողոքը հայտնելու համար։
Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր և ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի և վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ: Նախաձեռնությունը պահանջում է նաեւ նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել ամբողջական համաներում, ինչպես նաեւ ապահովել մատչելի երթևեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով:





























