«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչները հինգշաբթի` հուլիսի 23-ին, բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության մոտ`պահանջելով ներկայացնել Դավիթաշեն թաղամասում գտնվող շենքի շինարարությունը չսկսելու պատճառները:

«Մեզ խոստացել էին, որ հուլիսի 15-ից շինարարությունը կսկսվի, բայց միայն խոստանում են, սակայն ոչ մի շինարարություն դեռ չկա, ամեն անգամ խաբում են: Ու ոչ կառավարությունից, ոչ «Արցախբանկից» որեւէ կերպ չեն բացատրում` ինչի է ուշանում շինարարությունը: Հիմա էլ եթե գնանք, կասեն` շուխուռ արեցին։ Բայց ի՞նչ անենք, սպասենք մինչեւ մարդկանց կեսը մահանա՞»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց խաբված բնակիչներից Աննա Մկրտչյանը:

Նշենք, որ վերջին հանդիպման ժամանակ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը խոստացել էր, որ շենքի շինարարությունը հուլիսի 15-ից կսկսվի եւ դեկտեմբերին պատրաստ կլինի։

Հիշեցնենք, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավիթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար։

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: