ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթարի պատճառները:
2015թ. հուլիսի 19-ին` ժամը 23:10-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրն ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալեքսանդր Կալենտեւը՝ «Գլխի ճակատային շրջանի, ձախ ծնկան շրջանի քրեծված վերքեր» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ 10-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրասվող նյութերով պարզվել է, որ Ա.Կալենտեւը, 2015թ հուլիսի 19-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցով վարելով «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել Գյումրիի բնակիչ Խ. Գեւորգյանի վարած «ԳԱԶ 3110-101» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմին, ապա կանգ չառնելով՝ շարունակել է ընթացքը դեպի Շիրակացի փողոցի 3-րդ շենքի դիմաց եւ բախվել մայթի մոտ կայանված քաղաքացի Լ. Գրիգորյանի «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին առաջ ընթանալով, բախվել է իր առջեւ կայանված մեկ այլ ավտոմեքենայի:
Ալեքսանդր Կալենտեւը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ստուգվել են նշված ավտոմեքենաների վարորդների սթափության աստիճանը. ըստ համապատասխան ակտերի՝ Ա.Կալենտեւի շնչառության մեջ ալկոհոլի առկայությունը եղել է 0,85մ/լ, որը համապատասխանում է միջին աստիճանի հարբածությանը: Մյուս վարորդները եղել են սթափ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Ա.Կալենտեւը հայտնել է, որ վթարի մեղավորն ինքն է, քանի որ մեքենան վարել է ոչ սթափ. օգտագործել է գարեջուր եւ պատրաստ է վերականգնել վթարից տուժած անձանց բոլոր վնասները:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:




























