Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հուլիսի 18-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Պարույր Հայրիկյանի իրազեկումը՝ 2015 թվականի հուլիսի 24-ին ժամը 19:00-ից մինչեւ ժամը 21:00-ն Երեւան քաղաքի Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Քննարկվելու է սահմանադրության նոր նախագիծը։
Նշենք, որ Հայրիկյանը հայտարարել է, որ «հրապարակված նախագիծը հանրային քննարկման չի արժանացել, դա բարեփոխում չէ, այդտեղ մոդել չկա, ու մենք կներկայացնենք մեր պատկերացումները»: Նրա խոսքով՝ միայն «ոչ» ասում են նրանք, որոնք թույլ են ու «հավես չունեն քննարկելու»:
«Մենք հետեւյալ գաղափարներն ունենք՝ պետական նվազագույն համակարգ որպես սպասարկող, առավելագույն քաղաքացիական ներկայություն եւ այն սկզբունքը, որ ոչ մի քաղաքացու ձայն չպետք է կորի: Սա է մեր պատկերացումը»,-ասել է նա:





























