Հայաստանը որքան հնարավոր է արագ պետք է փոխի տեխնիկական կանոնակարգերը ազգայինից եվրասիականի: Այդ մասին հուլիսի 21-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Սերգեյ Սիդորսկին:

Նրա խոսքով՝ հայ գործընկերները դեռ շարունակում են օգտվել ազգային տեխնիկական կանոնակարգերից, այն դեպքում, երբ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում հետեւում են բացառապես ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերին:

«Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մեկ տարվա ընթացքում ուղղել այդ փաստաթղթերը: Այդ գործընթացը ճիշտ է», -հավելել է նա:

 «Միասնական տեխնիկական կանոնակարգին հետեւելը ոչ միայն պարտականություն է, այլեւ առավելություն:  Եթե ձեր ապրանքն ունի համապատասխան սերտիֆիկատ եւ մակնիշ, ապա ԵՏՄ տարածքում ոչ ոք, ես ընդգծում եմ, ոչ ոք իրավունք չունի  թույլ չտալ ձեր արտադրանքը իր շուկա: Ոչ Աստանայում, ոչ Մոսկվայում, ոչ Միսկվում, Ոչ Երեւանում: Եթե հարցեր են առաջանում անմիջապես դիմեք մեզ: Մենք լիազորված ենք լուծել այդ հարցերը առավելագույնս արագ», -ընդգծել է ԵՏՀ նախարարը: