Այսօր` օգոստոսի 14-ին Սինգապուրում տեղի կունենա պատանեկան առաջին ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: 205 երկրների 3600 մարզիկներ կմրցեն 30 մարզաձեւերում: Կվիճարկվի մեդալների 201 հավաքածու: Հայաստանից կմասնակցեն 14 մարզիկ-մարզուհիներ, որոնք հանդես կգան 11 մարզաձեւերում: Մեր պատվիրակության դրոշակակիրը կլինի նետաձգության Հայաստանի չեմպիոն Վասիլ Շահնազարյանը:
Հայաստանի օլիմպիական թիմում ընդգրկված են նաեւ ծանրորդներ Սմբատ Մարգարյանը (56կգ,Երեւան), Գոռ Մինասյանը (+85կգ, Գյումրի), հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը (10մ. օդամղիչ ատրճանակ ,Երեւան), մարմնամարզիկ Վահան Վարդանյանը (Երեւան), ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66կգ, Վանաձոր), բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը (60կգ,Երեւան), հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը (85կգ,Գյումրի), ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46կգ, Հոկտեմբերյան), աթլետ Դիանա Խուբեսերյանը (100մ. վազք,Երեւան), ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը (3մ. ոստնակացատկ, Երեւան), թիավար Էդգար Բաբայանը (կանոե, սպրինտ, սլալոմ, Երեւան), լողորդներ Անահիտ Բարսեղյանը (թիկնալող, 50մ եւ 100մ, Երեւան) եւ Սերգեյ Պեվնեեւը (ազատ լողաոճ 50մ եւ 100մ, Երեւան):



























