Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին եւ հաջողություն մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, եւ ստեղծված են լավ նախադրյալներ:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ հայացք գցելով ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ընթացքին, կարելի է փաստել, որ այդ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առեւտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաեւ, որ ԵՄ երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ առաջնային առեւտրային գործընկերներից է:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարութան կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար: Հանդիպմանը քաղաքական եւ տնտեսական հարաբերություններից բացի, երկուստեք կարեւորվել է նաեւ մշակութային, գիտակրթական, ռազմական եւ մի շարք այլ ոլորտերում փոխգործակցությունը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել  ս.թ. ապրիլի 23-ին ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, եւս մեկ անգամ ընդգծելով, որ դա ուժեղ պետության ուժեղ ղեկավարի համոզված ելույթ էր:

Նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ շարունակելու երկու երկրների միջեւ զարգացնել առկա համագործակցությունը եւ նպաստելու փոխգործակցության նոր ոլորտների ներգրավմանը երկկողմ հարաբերություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների վերաբերյալ: