Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է պտուղ-բանջարեղենի արտահանման եւ մթերումների ընթացիկ ցուցանիշները: 

Համաձայն ներկայացված օպերատիվ տվյալների` հուլիսի 22-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 8593.5 տոննա պտուղբանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1537.7 տոննայի դիմաց: Այդ թվում` 728.7 տոննա բանջարեղեն եւ 7864.8 տոննա պտուղ, որից 5767.0 տոննա ծիրան, 372.4 տոննա ընկույզ եւ 302.9 տոննա այլ պտուղ:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` ընթացքի մեջ է 2015 թվականի պտուղբանջարեղենի եւ խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող ընկերությունների միջեւ պայմանագրերի կնքման գործընթացը: Այս պահի դրությամբ արդեն իսկ կնքվել է 13291 պայմանագիր, որոնց շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 109.8 մլն. դրամ կանխավճար եւ 449.1 մլն. դրամի բուժանյութեր, պարարտանյութեր եւ այլ օժանդակություն:

Անդրադառնալով մթերումների գներին` փոխնախարարը շեշտեց, որ գինը որոշում է շուկան` ելնելով առաջարկ-պահանջարկի հարաբերակցությունից, սակայն նախարարության մոնիտորինգը ցույց է տալիս, որ դրանք ցածր չեն լինի նախորդ տարվա գներից:

Նա հավելեց, որ 2014 թվականին արձանագրվել է մթերվող պտուղբանջարեղենի եւ խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների գործընթացի բարելավում. վճարումների մեծ մասը կատարվել են անմիջապես գնման պահին կամ 7-10 բանկային օրերի ընթացքում:

2015 թվականի հուլիսի 22-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 46523.9 տոննա պտուղբանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ, այդ թվում` 24816.3 տոննա պտուղ, որից 19329.6 տոննա ծիրան, 1908.7 տոննա կեռաս, 1198.1 տոննա խաղող, 16835.6 տոննա բանջարեղեն եւ 4872.0 տոննա կարտոֆիլ: 2014 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 27503.7 տոննա պտուղբանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ, այդ թվում`  4646.7 տոննա պտուղ, որից 1576.2 տոննա ծիրան, 357.1 տոննա կեռաս, 2620.0 տոննա խաղող, 3413.6 տոննա բանջարեղեն եւ 19443.3 տոննա կարտոֆիլ, իսկ 2014 թվականին տարեկան արտահանման ծավալները կազմել են 46456.4 տոննա պտուղբանջարեղեն եւ կարտոֆիլ, որից`  1791.2 տոննա ծիրան, 2967.9 տոննա դեղձ, 8001.4 տոննա խաղող, 8961.4 տոննա բանջարեղեն եւ 21312.8 տոննա կարտոֆիլ:

«Այսօրվա դրությամբ թարմ պտուղբանջարեղենի արտահանման ծավալները արդեն իսկ գերազանցում են նախորդ ամբողջ տարվա մակարդակը մոտ 68 տոննայով»,-  իր խոսքով նշել է փոխնախարար Մակարյանը:

Նախարարի տեղակալը նաեւ նշեց, որ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի, բանջարեղենի եւ խաղողի իրացման նպատակով մթերումների գործընթացին զուգահեռ աշխատանքներ են իրականացվել նաեւ դրանց վաճառքի աջակցության ուղղությամբ: Այդ կապակցությամբ այս տարի եւս կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ, որոնց մասնակցության համար գրանցվել են շուրջ 2000 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով 2 տոնավաճառներում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 տոննա:

Տոնավաճառներին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երեւանյան սպառողներին են ներկայացնում բացառապես սեփական արտադրանքը: