ՀԷՑ-ում հայտարարված աուդիտը մի շարք հարցերի պատասխաններ կտա, որից հետո էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում կամ չի լինի, կամ շատ չնչին կլինի: Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
«Կարծում եմ, որ ճիշտ է` սպասենք աուդիտի արդյունքներին: Բայց նաեւ ճիշտ է, որպեսզի մենք անընդհատ փորձենք այս հարցը հասարակության եւ համակարգող կառույցների ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի ի վերջո մենք կարողանանք հասնել այն եզրակետին, որտեղ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում կամ չի լինի կամ շատ չնչին կլինի»,- ասաց պատգամավորը:
Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ սակագնի բարձրացման թեման չի սառել։
«Թեման չի սառել, պարզապես փողոցային երթերից կամ նստացույցերի վիճակից ենք դուրս եկել: Թեման չի սառել այն իմաստով, որ էլեկտրաէներգիայի անվտանգության ոլորտի վերաբերյալ քննարկումներ են լինում եւ օրակարգային հարց է աուդիտը»,- նշեց Ավետիսյանը:
ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելը թույլ հիմնավորված է եղել, ինչից հետո հասարակության շրջանում արդարացի զայրույթ է առաջացել:
«Եթե նախորդ անգամ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված էր ատոմակայանի շուրջ 80 օր չաշխատելով, ապա այս դեպքում սակագնի բարձրացման հիմնավորումները շատ թույլ են, որն էլ հասարակությանն արդարացիորեն վրդովեցրեց: 40 տոկոսով թանկացումը բերելու էր անհասկանալի տնտեսական եւ սոցիալական խնդիրների», - ասաց Ավետիսյանը՝ կրկին հորդորելով սպասել աուդիտի արդյունքներին, որը ցույց կտա, թե որքանով էր անհարժեշտ սակագնի բարձրացման հայտը:





























