ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Սուխարենկոյին՝ պաշտոնավարման ժամանակահատվածում միջպետական հարաբերությունների եւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում դեսպանության աշխատանքի ու նաեւ նրա անձնական ներդրման համար:
Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ստեփան Սուխարենկոյին հետագա գործունեության մեջ եւ հույս հայտնել, որ Բելառուսի հաջորդ դեսպանը նույնպիսի ակտիվությամբ կշարունակի աշխատել եւ ջանքեր ներդնել հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի եւ Բելառուսի համար փոխգործակցության նոր եւ ավելի լայն հնարավորություններ կան:
Դեսպան Սուխարենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին եւ ՀՀ պետական բոլոր մարմիններին՝ իր գործունեության ընթացքում արդյունավետ համագործակցության, դեսպանության աշխատանքին մշտական աջակցության եւ փոխըմբռնման համար: Նա նշել է, թե մեր երկրից հեռանում է ջերմ հիշողություններով եւ այսուհետ էլ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը:






























