Հետեւողական լինելով Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում հնչեցրած հանձնարարականների կատարմանը, կարեւորելով գործարար ոլորտի ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը թարգմանել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի «Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը:

Այս միջերկրային զեկույցում վերլուծվում է կոռուպցիայի համար իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունը եւ դրա կիրառման ապահովումը Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում:

Ուսումնասիրությունը կարեւորվում է, քանի որ տնտեսության համար առավելապես վտանգավոր են  իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: Մինչդեռ ՀՀ-ում իրավաբանական անձանց նմանատիպ վարքագծի համար քրեական կամ վարչական պատասխանատվության ինստիտուտ չի գործում։

Այս առումով, տվյալ զեկույցը վեր է հանում իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագծի համար նախատեսվող պատասխանատվության  վերաբերյալ միջազգային փորձը, ինչը կարող է օգտակար լինել քրեական եւ վարչական օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքում: