Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Սուխորենկոյի կատարած աշխատանքը հայ-բելառուսական հարաբերությունների սերտացման գործում եւ շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բելառուսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով փոխգործակցության խորացումը եւ ընդլայնումը:

Ստեփան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին կառուցողական համագործակցության համար եւ նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ընդգծելով, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Բելառուսի համար, դեսպան Սուխորենկոն համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս երկու երկրների միջեւ կապերը կշարունակեն դինամիկ զարգանալ եւ ամրապնդվել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման շուրջ: