Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող եւ վերջերս հայտնաբերված Նարեկ Խաչատրյանի մասով դատահոգեբուժական փրոձաքննության եզրակացությունը պատրաստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վաղինակ Գեւորգյանը:

Նա նշեց, որ համաձայն եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը ճանաչվել է մեղսունակ թե այժմ, թե իր արարքի կատարման պահին, նա չի տառապել եւ չի տառապում հոգեկան հիվանդությամբ, պարզապես անձի խառը խանգարում ախտորոշմամբ պսիխոպատ անձնավորություն է: Նարեկ Խաչատրյանը մինչ օրս ցուցմունք չի տվել, այլ քննչական գործողություններ նրա մասնակցությամբ չեն եղել:  Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, այն է ՝ շահադիտական դրդումներով կամ պատվերով սպանություն, իսկ նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, այն է՝  սպանության պատվեր՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Փաստաբանից տեղեկացանք նաեւ, որ հավանաբար առաջիկայում կհայտարարվի նախաքննության ավարտ, որից հետ գործը կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Զատիկյանը  մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը Արսեն Առուշանյանին պատվիրելու համար։ Վերաքննիչ դատարանը մերժել է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը եւ նրան չի արդարացրել: Մյուս կողմը եւս դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում Ստեփան Հակոբյանի նկատմամբ, այդ դիմումը եւս մերժվել է: Վճռաբեկ դատարանը դիմումը վարույթ չէր ընդունել: Նրանք ՄԻԵԴ չեն դիմել: Ոստիկանությունը հայտնաբերել է Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպած և միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանին: