Սննդային թունավորման դեպքեր այս ամառ հաճախ են եղել: Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, լրագրողներին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Բացի այն, որ այս ամառը շատ շոգ է, նաեւ մի շարք սննդային թունավորման դեպքեր գրանցվեցին, որն, իմ կարծիքով, անմիջական կապ ունի նաեւ շոգ եղանակի հետ: Բացի այդ, սննդի կետերում պատշաճ ստուգումներ չեն կատարվում, թեեւ իրավիճակը վերահսկվում է «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» կողմից, սակայն մշտադիտարկում կամ ստուգում անցկացնելը գրեթե անհնար է, քանի որ ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ տվյալ օբյեկտի սեփականատիրոջ թույլտվությունը»,-ասաց նա:
Ըստ Կարեն Չիլինգարյանի` սննդային կետերում ստուգումներ անցկացնելն ավելի բարդացավ, երբ նախորդ տարի Կառավարությունը որոշում ընդունեց, որ մինչեւ 70 մլն շրջանառություն ունեցող կառույցներում միայն վարչապետի իմացությամբ է թույլատրվում ստուգում անցկացնել. «Ստուգումները պետք է մշտական լինեն թունավորումներից խուսափելու համար»:
Կարեն Չիլինգարյանը խորհուրդ տվեց հանրային սննդի կետերում խուսափել աղցաններ եւ միս ուտելուց, որովհետեւ դրանք ամենաշուտ փչացող սննունդներն են:




























