Եթե հնարավոր չլինի Բաքվի սադրիչ գործունեությունը պահել որոշակի սահմաններում, հնարավոր է տեղային զինված հակամարտության առաջացում Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսական Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը։
Նրա խոսքով ղարաբաղյան հակամարտության ներկայիս սրացումը կանխատեսելի էր, որովհետեւ արդբեջանական կողմը շատ է ուզում ուկրաինական ճգնաժամի ֆոնին ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղի վրա։ «Բաքվում Եվրոպական առաջին խաղերի անցկացման նախապատրաստությունից առաջ սրացումը լիովին հնարավոր էր թվում։ Ուղղակի այդ դեպքում ոչ ոք չէր գա խաղերին մասնակցելու, - նշել է Վլադիմիր Եվսեեւը։ Տեղի է ունենում հակամարտության աստիճանական աճ,- շարունակել է փորձագետը, օգտագործվող զենքի մակարդակը եւս աճում է։ Մարտին օգտագործվում էին տանկեր եւ ականանետներ, այսինքն օգտագործվող զենքի կարգն աճում է, գնալով ավելի է սրվում իրավիճակը, ինչն ուղեկցվում է դիվերսիոն գործողություններով՝ ներթափանցում պաշտպանության առաջին գիծ, ականների տեղադրում, ինչը նախկինում նման մասշտաբով չէր դիտարկվել։ Այս ամենը վկայում է, որ Բաքուն ձգտում է հակամարտության սրման, բայց միաժամանակ մտածում է, որ ցանկացած պահի կարող է կանգ առնել», - ընդգծել է Վլադիմիր Եվսեեւը։
Իրականում, արձանագրել է նա, անընդհատ հայտարարություններ են արվում Ղարաբաղի վերադարձի հնարավորության մասին, այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ուժով լուծել հարցը: Դրանք, ռազմական փորձագետի համոզմամբ, ճնշման տարրեր են, որոնք երբեմն կարող են հանգեցնել սահմանային բախումների։ «Հենց դրանում է Բաքվի սադրիչ քաղաքականության վտանգավորությունը։ Ենթադրում եմ, որ եթե նման քաղաքականությանը վերջ չդրվի, անպայման որեւէ հակամարտություն ի հայտ կգա։ Ընդհանուր առմամբ այս լարված իրավիճակն ինձ դուր չի գալիս», - ասել է Վլադիմիր Եվսեեւը։
Փորձագետի կարծիքով Ադրբեջանի բնակչությունը շատ է վախենում, եւ նրան հանգստացնելու համար ադրբեջանական սպաները գիտակցաբար ծանր զինտեխնիկա են օգտագործում, եւ դա ավելի է բարդացնում իրավիճակը։ «Ինձ անհանգստացնում է ադրբեջանական կողմում «Смерч» ծանր զինտեխնիկայի առկայությունը, որը կարող է գործի դրվել խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաեւ՝ «Սոլնցեպեկ» համակարգի առկայությունը։ Կարծում եմ, որ շատ խստորեն պիտի դրվի նման գործունեությանը վերջ դնելու հարցը։ Որոշակի միջոցներ կան, որոնք պիտի կիրառվեն․ որպես առաջին քայլ, դիպուկահարներին պետք է հետ քաշել, իսկ ծանր զինտեխնիկան պիտի տարվի համապատասխան հեռավորության վրա։ Անհրաժեշտ է նաեւ բացառել ականանետները», - ընդգծել է Վլադիմիր Եվսեեւը։ Եթե հարցն այդպես չդրվի, շարունակել է նա, ի վերջո կարող է տեղային հակամարտություն առաջանալ, որը կաճի՝ վերածվելով տարածաշրջանային հակամարտության։ Վլադիմիր Եվսեեւի տեսանկյունից դա ոչ Ռուսաստանի շահերից է բխում, ոչ Թուրքիայի, ոչ Իրանի, ոչ հայերի, ոչ ադրբեջանցիների։ «Հավասարակշռության իրական խախտում կողմերից մեկի օգտին ընդհանուր առմամբ չկա, այսինքն Ղարաբաղի տարածքում ոչ մի բլիցկրիգ հնարավոր չէ։ Բայց ադրբեջանցի զինվորականները փորձում են ղեկավարությանը համոզել, որ իրենք ի վիճակի են հարցն ուժով լուծել։ Ես համարում եմ, որ նման գործունեությունը պիտի համընդհանուր դատապարտման արժանանա։ Նրանք ցանկալին իրականի տեղ են անցկացնում եւ նպաստում են առնվազն սահմանային բախումների առաջացմանը։ Նման քաղաքականությունը ծայրաստիճան սխալ է եւ անհեռատես», - ամփոփել է Վլադիմիր Եվսեեւը։
Հիշեցնենք, որ Բաքվում տեղի ունեցած Եվրոպական խաղերից հետո Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի սահմանին իրավիճակը բավականին սրվել է։ Հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։




























